ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բողոք է ստացել այն մասին, որ արտերկրում գտնվող ազգությամբ հայ քաղաքացուն իրավասու պետական մարմինները մերժել են տրամադրել գտնվելու վայրի պետության քաղաքացիություն՝ այն պատճառաբանությամբ, որ անձն ունի ՀՀ քաղաքացիություն և ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու համար նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ:
Բողոքի հիման վրա սկսված քննարկման ընթացակարգի շրջանակներում ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության, ինչպես նաև Ոստիկանության և ՀՀ գլխավոր դատախազության հետ իրականացվել է համատեղ աշխատանք:
Քննարկման արդյունքում պարզվել է, որ դիմումատուին ՀՀ քաղաքացի համարելու հիմքերը բացակայում են:
Ձեռք բերված տեղեկություններն ամփոփվել և ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու նպատակով: Արդյունքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու հատկանիշներով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, իսկ դիմումատուի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, հանցակազմի բացակայության հիմքով, դադարեցվել է: