Հոկտեմբերի 28-29-ը Ծաղկաձորում անցկացվել է ‹‹Ազատությունից զրկված անձանց մեկուսացում. միջազգային չափանիշներ›› խորագրով երկօրյա դասընթաց: Այն կազմակերպվել է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության արդյունքում:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ով կարևորել է ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման հարցերի քննարկումն ու հնարավոր լուծումների նախանշումը՝ նմանատիպ միջոցառումների անցկացման միջոցով:
Դասընթացի հիմնական նպատակն էր քննարկման առարկա դարձնել ազատությունից զրկված անձանց մեկուսացման հետ կապված օրենսդրական և գործնական խնդիրները, դրանց լուծմանն ուղղված միջազգային իրավական մոտեցումները՝ կատարելագործելով այս ոլորտում մասնակիցների մասնագիտական պատրաստվածությունը:
Միջոցառմանը մասնակցում էին ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այնպես էլ ՀՀ արդարադատության նախարարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Դասընթացին փորձագետի կարգավիճակով հրավիրված էին խոշտանգումների կանխարգելման ոլորտում երկարամյա փորձ ունեցող իրավաբան Միլոշ Յանկովիչը և դատական բժիշկ Մարիա Դեֆինիս-Գոյանովիչը: Վերջիններս, մասնավորապես, անդրադարձել են ազատությունից զրկված անձանց մեկուսացման միջազգային չափանիշներին և առաջադեմ փորձին, ազատությունից զրկված և մեկուսացված անձանց բժշկական օգնության կազմակերպմանը, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց կողմից հացադուլ հայտարարելու դեպքում առաջ եկող բժշկական և իրավական խնդիրներին:
Առանձին քննարկման առարկա են դարձել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մեկուսացման, նրանց նկատմամբ զսպման միջոցներ կիրառելու, ինչպես նաև ազատությունից զրկված խոցելի անձանց մեկուսացման հետ կապված խնդիրները: