ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև համագործակցության շրջանակում հոկտեմբերի 21-22-ն Աղվերանում տեղի է ունեցել «Երեխայի հանդեպ բռնության և անտեսման կանխարգելում» թեմայով երկօրյա դասընթաց։ Հանդիպմանը մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները, «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության, Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները:
Դասընթացին ներկա են եղել նաև Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Թունիսի խոշտանգումների դեմ պայքարի ազգային մարմնի նախագահի տեղակալ Նաբիհա Քեֆի եփ Բադրին և գլխավոր քարտուղար Դհիա էդդին Մուրուին:
Դասընթացը վարել է «Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամի ղեկավար Արմինե Գմյուր Կարապետյանը: Նա ներկայացրել է երեխայի նկատմամբ բռնությունը՝ որպես հիմնախնդիր, բռնության տեսակները, ծնող-երեխա հարաբերությունները և կապվածության խնդիրները: Դասընթացն ուղեկցվել է դերախաղերով, որոնք ամրապնդել են մասնակիցների ձեռք բերած գիտելիքները: