Հայաստանի Հանրապետությունը երեխաների իրավունքների պաշտպանության պարտավորություն ունեցող միջազգային համակարգի անբաժան մասն է: Այսօր՝ հունիսի 1-ին, մենք ոչ միայն նշում ենք երեխաների պաշտպանության միջազգային օրը, այլ նաև ևս մեկ անգամ վերահաստատում ենք մեր պարտավորվածությունը ապահովելու յուրաքանչյուր երեխայի շահը և պաշտպանելու նրա յուրաքանչյուր իրավունք:
Ցավոք, մեր երկրում շարունակում են առկա լինել ոլորտներ, որտեղ խախտվում են երեխաների իրավունքները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր աշխատակազմի հետ միասին անընդհատ ջանքեր է գործադրում երեխաների իրավունքների պաշտպանության նպատակով: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական նոր օրենքն արտոնում է իրականացնել «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն: 2016 թվականից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը:
Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բոլոր հարցերում առաջնահերթ ուշադրության կենտրոնում պետք է լինի երեխայի շահը, իսկ երեխայի կարևորագույն իրավունքներից է ընտանիքում ապրելու իրավունքը: Այս հիմնարար պահանջն է, որ առաջ է բերում է յուրաքանչյուրիս պարտականությունը բոլոր դեպքերում ապահովելու երեխայի շահը և ստեղծելու պայմաններ, որպեսզի երեխան մեծանա առողջ, բարեկեցիկ և երջանիկ ընտանիքում: Պաշտպանելով երեխաների իրավունքները` մենք պաշտպանում ենք մեր ապագան:
Շնորհավորում եմ հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և մեր բոլոր երեխաներին մաղթում անհոգ մանկություն, երջանիկ ընտանիք և խաղաղ հայրենիք: