ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 7-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական Միության (ԵՄ) մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց թվում էին նաեւ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը, ԵՄ Հարեւանության եւ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ինչպես նաեւ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների վիճակին առնչվող, այդ թվում՝ միջազգային հարցեր, ինչպես նաեւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական նոր օրենքի կարգավորումները: ԵՄ պաշտոնյաները կարեւորել են նոր օրենքը՝ համարելով այն առաջադիմական եւ անհրաժեշտ մարդու իրավունքների եվրոպական չափանիշներն երկրում ներդնելու եւ ամրապնդելու համար:
ԵՄ պաշտոնյաները կարեւորել են Արման Թաթոյանի դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում՝ ընդգծելով նրա ակտիվությունը եւ պատրաստակամություն են հայտնել զարգացնել Պաշտպանի եւ ԵՄ հաստատությունների միջեւ համագործակցությունը՝ ընդլայնելով ու դարձնելով այն շարունակական:
Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում, Արման Թաթոյանը բարձրացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի՝ եվրոպական գործընթացներին մասնակից դարձնելու հարցը, հատուկ նշել է լուրջ մտահոգությունը լրագրող Ա. Լապշինի Ադրբեջանին հանձնելու որոշման եւ դրա անթույլատրելի բացասական նշանակության մասին եւ ընգծել, որ հիմա էլ ավելի պետք է ակտիվանան այցերը Արցախ: Պաշտպանը նրան է ներկայացրել 2016 թվականի 29-ի, ինչպես նաեւ 2017 թվականի հունվարի 3-ի, 8-ի Չինարի գյուղի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների մանրամասները, պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները, ինչպես նաեւ կազմված զեկույցը, այդ թվում՝ ձեռքբերված ապացույցներով: