Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակը պահանջում է մշտական հսկողություն․ Պաշտպան

Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակը պահանջում է մշտական հսկողություն․ Պաշտպան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար չհայտարարված այցեր է կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ուսումնասիրելու հացադուլ հայտարարած Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակն ու պահման պայմանները։

 

Հունվարի 8-ի այցի ընթացքում Արայիկ Խանդոյանը նշել է, որ ունենում է երիկամների սուր ցավեր, գլխապտույտներ, սրտխառնոց, գլխացավեր, ոտքերի ցավեր: Նրա առողջական վիճակի հետ կապված բարձրացվել է անհապաղ բժշկական հետազոտության ենթարկելու հարց: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պարզաբանման՝ այդ նպատակով արդեն իսկ կազմակերպվել է բժշկի այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևողական կլինի այս հարցում:

 

Քննարկման ընթացակարգեր են նախաձեռնված նաև Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակի, ինչպես նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու հետ կապված հարցերով: Առաջին այցի ժամանակ անհապաղ քայլեր են ձեռնարկվել Արմեն Բիլյանի խցի խոնավության վերացման ուղղությամբ։ Բացի այդ, ուղարկված են համապատասխան գրություններ ՀՀ արդարադատության նախարարություն: Այս մասին տեղեկացվել են նաև Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտապես կապի մեջ է նաև Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի փաստաբանների հետ: