Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությանը, որին ուղեկեցել է Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

 

Արման Թաթոյանը կարևորել է անկախ փաստաբանության դերը մարդու իրավունքների պաշտպանության ու իրավունքի գերակայության ամրապնդման գործում՝ կարևորելով Հայաստանի Փաստաբանների պալատի գործունեությունն ու համատեղ աշխատանքը:

 

Նա ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, անդրադարձել փաստաբանների հետ համագործակցության հարցերին:

 

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ փակ հաստատություններում չհայտարարված այցերի ժամանակ մշտապես մեծ ուշադրություն են դարձնում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների իրավունքների երաշխավորմանը՝ նրանց օրինական պահանջմունքներին, այդ թվում՝ կրոնական համոզմունքներին համահունչ:

 

Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Իսա Ամինինը ներկայացրել է իրենց երկրում փաստաբանների աշխատանքի սկզբունքները, ինչպես նաև կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության գործում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը:

 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցություն մարդու իրավունքների երաշխավորման ուղղությամբ: