Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումը փաստաբանի մասնագիտական գործունեության մի շարք երաշխիքների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումը փաստաբանի մասնագիտական գործունեության մի շարք երաշխիքների վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվել է իրավական վերլուծություն, որն առնչվում է փաստաբանի մասնագիտական գործունեության մի շարք երաշխիքների՝ կապված քրեակատարողական հիմնարկ կամ դատարան փաստաբանի մուտք գործելու, զննության կամ խուզարկության պահանջի և իր վստահորդների շահերի պաշտպանությունն իրականացնելու հետ:

 

Վերլուծությունն իրականացվել է հետևյալ իրավաչափ շահերի հաշվառմամբ.

 1)փաստաբանի հեղինակությունն ու նրա մասնագիտական աշխատանքի արդյունավետությունը.

     2) փաստաբան-վստահորդ արտոնյալ հաղորդակցության և փաստաբանական գաղտնիքի պաշտպանվածությունը.

     3) փաստաբանի վստահորդի, այդ թվում՝ նրա պաշտպանյալի իրավաբանական օգնության իրավունքի և արդար դատաքննության մյուս երաշխիքների ապահովումը.

     4) իրավախախտումների կանխումը, համապատասխան հաստատության անվտանգության ապահովումն ու այլոց իրավունքների պաշտպանությունը:

 

Փաստաբանի մասնագիտական աշխատանքն արդարադատության իրականացման գործընթացի անբաժան մասն է և ենթակա է հատուկ երաշխավորման: Փաստաբանի հանրային հեղինակությունը նրա վստահորդի իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր երաշխիք է և երկրում իրավապաշտպան աշխատանքի զարգացման անհրաժեշտ գրավական.

 

Հիմնական եզրահանգումներն ու առաջարկություններն են՝

 

-  Պետության ցանկացած ներկայացուցիչ, այդ թվում՝ քրեակատարողական ծառայողը կամ դատական կարգադրիչը պարտավոր են առաջնորդվել փաստաբանի բարեխղճության և ազնվության կանխավարկածով.

 

- Պետությունը պարտավոր է ապահովել փաստաբան-վստահորդ արտոնյալ հաղորդակցության և փաստաբանական գաղտնիքի պաշտպանվածությունը՝ անկախ տեխնիկական միջոցների առկայությունից.

 

-  Ստուգողական ցանկացած գործողություն պետք է իրականացվի փաստաբանի և նրա վստահորդի շահերի հետ հավասարակշռման և հիմքերի պատշաճ առկայության պայմաններում.

 

-  Պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ զննության ենթարկվելուց հրաժարվելու մասին փաստաբանների պատճառաբանությունները դատական կարգադրիչների կողմից որոշումներ կայացնելիս համաչափության տեսանկյունից հաշվի չեն առնվել: Զննության` գործողությունների որոշակի շրջանակով չսահմանափակված ընթացակարգից հրաժարումն անկախ ամեն ինչից առաջացրել է խիստ հետևանք՝ դատական նիստերի դահլիճ մուտքն արգելելը.

 

- Անհրաժեշտ է իրականացնել «զննություն» և «խուզարկություն» հասկացությունների հստակ տարանջատում, բացահայտել դրանցից յուրաքանչյուրի բովանդակությունը կազմող գործողությունների շրջանակը՝ հաշվի առնելով կոնկրետ ոլորտում դրա նշանակության իրավական առանձնահատկությունները: Պետք է պատշաճ արտացոլել փաստաբաններին խուզարկելու օրենսդրական արգելքը.

 

-  Պետք է բացառել մյուս սուբյեկտների, այդ թվում՝ դատախազների համեմատությամբ խտրականության որևէ դրսևորում.

 

- Անհրաժեշտ է անհետաձգելիորեն հստակեցնել արգելված առարկաները որոշելու չափանիշները և դրանց ցանկը.

 

-  Անհրաժեշտ է մշակել համապատասխան ստուգողական գործողությունների իրականացման մեթոդական ուղեցույցներ և կազմակերպել ստուգողական գործողություն իրականացնող     աշխատակիցների վերապատրաստումներ.

 

- Պետք է ապահովել ուղեցույցների հասանելիությունը հանրությանը, դրանք տարածել զանգվածային լրատվության միջոցներով և հանրությանը մատչելի այլ եղանակներով, այդ թվում՝ փակցնելով համապատասխան շենք մուտք գործողին տեսանելի վայրերում:

 

Վերլուծության հիման վրա մշակված եզրահանգումներն ու առաջարկությունները, ուղարկվել են Արդարադատության նախարարություն, Դատարանների նախագահների խորհուրդ և Դատական դեպարտամենտ:

 

 

Իրավական վերլուծությունը՝ այստեղ: