Կանանց իրավունքները փակ հաստատություններում․ սեմինար՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ

Կանանց իրավունքները փակ հաստատություններում․ սեմինար՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը Քրեակատարողական հիմնարկներում չափազանց կարևոր է անձանց իրավունքների երաշխավորման տեսանկյունից։ Այս մասին Ծաղկաձորում ապրիլի 14-15-ը կազմակերպված «Ազատությունից զրկված կանանց նկատմամբ վերաբերմունքի կանոնները» թեմայով սեմինարի ժամանակ ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

 

«Անազատության մեջ գտնվող կանանց իրավունքների ապահովումը մեր աշխատանքի հիմնարար ուղղություններից է: Ոլորտում առկա խնդիրները պահանջում են հետևողական աշխատանք: Արդյունքի հասնելու գրավական են չվնասելու սկզբունքը և մասնագիտական մոտեցումներով ղեկավարվելը: Կանանց նկատմամբ վերաբերմունքը հատկապես կարևոր է՝ ելնելով հասարակության մեջ նրանց կարևոր դերից և արժանապատիվ տեղն ունենալու կարևորությունից »,-նշել է Պաշտպանը։

 

Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի ֆինանսավորմամբ «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՀՀ արդադատության նախարարության ներկայացուցիչներ, քրեակատարողական ծառայողներ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամներ, փաստաբաններ և լրագրողներ։

 

Միջոցառման ընթացքում ԵԽ միջազգային փորձագետներ Ջոն Վադհամի և Ջորջ Տուգուշիի մասնակցությամբ քննարկվել են  երեխայի խնամքի պարտականություն ունեցող կին դատապարտյալների խնդիրները, հղի և կրծքով կերակրող կանանց կենցաղային պայմանները, սննդի և հիգիենայի առանձնակի կարիքները, անչափահաս դատապարտյալ աղջիկների կրթության, զբաղվածության հարցերը, արտաքին աշխարհի հետ կապի առանձնահատկությունները և այլնի։

 

Սեմինարի մասնակիցներն իրենց խոսքում վեր են հանել գործնականում ոլորտում հանդիպող խնդիրները, միջազգային փորձագետների հետ քննարկել դրանց լուծման հնարավոր ուղիները: