Պաշտպանն առաջարկում է կանոնակարգել վիճակախաղի գովազդի հեռարձակումը․օրենսդրական նախագիծը ուղարկվել է շրջանառության

Պաշտպանն առաջարկում է կանոնակարգել վիճակախաղի գովազդի հեռարձակումը․օրենսդրական նախագիծը ուղարկվել է շրջանառության

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ։

 

«Գովազդի մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքների և հարակից այլ օրենքների, նաև դրանց  գործադրման պրակտիկայի ուսումնասիրման արդյունքում, պարզվել է, որ բացակայում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատոր) գովազդի մանրամասն իրավական կարգավորումը։ Մինչդեռ, այդ իրավական բացը կարող է դառնալ անձանց, այդ թվում՝ անչափահասների իրավունքների խախտման պատճառ։

 

Նախագծով առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները «Գովազդի մասին» ՀՀ օրենքում․

 

  • Հեռուստահաղորդակցության ալիքով վիճակախաղի և ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև դրանց կազմակերպիչների գովազդը թույլատրվում է հեռարձակել ժամը 24.00-ից մինչև 06.00-ն ներառյալ:

 

  • Վիճակախաղի և ինտերնետ շահումով խաղի գովազդի ժամանակ արգելվում է`
            1. որևէ կերպ դիմել անչափահասներին
            2. մարդկանց կերպարների տեսաձայնային կամ այլ ձևով օգտագործելը
            3. տպավորություն ստեղծել, թե խաղին մասնակցելն ապահովում է պարբերաբար 
                եկամուտ (շահույթ) ստանալու հնարավորությունը կամ աշխատանքի այլընտրանք է
            4. տպավորություն ստեղծել, թե եկամուտ (շահույթ) ստանալը երաշխավորված է
            5. ներշնչել, որ խաղի միջոցով հնարավոր է հասնել հասարակական, մասնագիտական,
                սպորտային կամ անձնական հաջողության
            6. քննադատել վիճակախաղին կամ ինտերնետ շահումով խաղին չմասնակցելը
 
  • Վիճակախաղի և ինտերնետ շահումով խաղի գովազդը պետք է պարունակի ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալու անթույլատրելիության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն։