Օմբուդսմենը եւ Կասպերսկի լաբորատորիան մեկնարկում են «Անվտանգ երեխա» ծրագիրը

Օմբուդսմենը եւ Կասպերսկի լաբորատորիան մեկնարկում են «Անվտանգ երեխա» ծրագիրը

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչներ Արմեն Կարապետյանի եւ Սամվել Զաքարյանի հետ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության, երեխաների եւ ծնողների՝ ինտերնետից անվտանգ օգտվելու հմտությունների զարգացման ու անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ համագործակցության ուղղությունները:


Համագործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել «Անվտանգ երեխա» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում իրականացվելու են համատեղ աշխատանքներ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքի՝ երեխաների իրավունքներին նվիրված էջը կատարելագործելու, երեխաների համար մատչելի եղանակով համացանցից անվտանգ օգտվելու կանոններ մշակելու եւ երեխաների իրավունքների վերաբերյալ տեղեկավական նյութեր պատրաստելու ուղղությամբ:


Երեխաների իրավունքների պաշտպանությունը եւ նրանց կողմից ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ընթացքում անվտանգության կանոնների պահպանումը կարեւոր նախապայման է երեխաների մտավոր, հոգեբանական եւ ֆիզիկական զարգացվածության ապահովման համար: