Այսօր՝ մարտի 28-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթի մասնակցությամբ մեկնարկել է նոր ծրագիր:
Ծրագիրը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վիճակի ուսումնասիրությանը: Այն ուղղված է նաև Պաշտպանի մանդատի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև աշխատակազմի կարողությունների զարգացմանը:
«Բարձր եմ գնահատում երկու կառույցների միջև առկա սերտ համագործակցությունը, որն ուղղված է Հայաստանում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովմանը: Մեր համատեղ աշխատանքը նախորդ տարում հնարավորություն է տվել միավորել ջանքերը և նպաստավոր պայմաններ ստեղծել արդյունքի հասնելու համար»,- միջոցառման ժամանակ ընդգծել է Արման Թաթոյանը:
«Կարևոր եմ համարում մեր փոխգործակցությունը հատկապես տեղահանված անձանց իրավունքներին առնչվող օրենսդրական նախաձեռնություններին, սահմանային անցման կետերի և ազատությունից զրկման վայրերի մշտադիտարկմանը, ինչպես նաև միջազգային փորձի փոխանակմանը, դասընթացների կազմակերպմանը և տեխնիկական աջակցության տրամադրմանն առնչվող հարցերում»,- ասել է Քրիստոֆ Բիերվիրթը։
Ծրագրի մեկնարկին ներկա են եղել ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման միգրացիոն պետական ծառայության, ինչպես նաև փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: