Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտի իրավունքների ենթադրյալ խախտման հարցով Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: Դեպքի հրապարակայնացումից հետո անմիջապես կապ է հաստատվել երեխայի մոր հետ, նրա հետ տեղի է ունեցել առանձնազրույց Պաշտպանի աշխատակազմում: Հարցը քննարկվել է նաև Երևանի քաղաքապետարանի հետ և հասցեագրվել է համապատասխան գրություն: Քննարկում տեղի կունենա նաև դպրոցի տնօրինության հետ:
Այս դեպքի, ինչպես նաև նկարագրված մյուս նմանատիպ դեպքերի լուսաբանման եղանակների, զանգվածային լրատվության միջոցներով դրանց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման ուսումնասիրությունը հնարավորություն է տվել վեր հանելու երեխայի իրավունքների ոտնահարման հանգեցնող խնդիրներ:
Հորդորում ենք լրագրողներին և սոցիալական ցանցերի օգտատերերին երեխաների վերաբերյալ նյութեր հրապարակելիս առաջնորդվել երեխայի շահի առաջնահերթության սկզբունքով: Երեխայի մասնավոր և ընտանեկան կյանքը պետք է լինի առավելագույնս պաշտպանված:
Երեխաներին առնչվող նյութեր հրապարակելիս պետք է խստորեն ղեկավարվել այդ ոլորտի հատուկ պահանջներով, մշտապես ներկայացնել ստուգված և օբյեկտիվ տեղեկություն՝ հաշվի առնելով երեխայի և նրա ընտանիքի անդամների մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը:
Երեխային առնչվող անձնական տվյալներ հրապարակել կարելի է, եթե առկա է մինչև 16 տարեկան երեխայի օրինական ներկայացուցչի կամ 16-18 տարեկան երեխայի համաձայնությունը: Պետք է խուսափել երեխաների լուսանկարների հրապարակումից կամ նրանց այլ կերպ նույնականացնելուց, բացառությամբ, եթե այն խիստ կարևոր է երեխայի լավագույն շահի պաշտպանության համար և ապանձնավորված կերպով հնարավոր չէ հասնել այդ նպատակին:
Առանձին դեպքերում, ելնելով երեխայի շահի առաջնահերթությունից, պետք է զերծ մնալ այդպիսի տվյալներ հրապարակելուց՝ անգամ համաձայնության առկայության դեպքում:
Պետք է միշտ հաշվի առնել, որ երեխան շարունակելու է ապրել իր սոցիալական միջավայրում, իսկ մասնավոր և ընտանեկան կյանքի վերաբերյալ տվյալի հրապարակումը կարող է խաթարել այդ միջավայրը: Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել են դեպքեր, երբ ծնողը ստիպված է եղել փոխել երեխայի կրթական հաստատությունը հանրային քննարկման բացասական հետևանքների պատճառով:
Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտին առնչվող դեպքի հանգամանքներն ուսումնասիրելուց հետո կներկայացվեն եզրահանգումներ ու կանխարգելիչ բնույթի առաջարկներ։