Ինչպիսի՞ն է ԳՐԵԿՈ-ի առաջարկությունների իրականացումը Հայաստանում․ մեկնարկել է համաժողով

Ինչպիսի՞ն է ԳՐԵԿՈ-ի առաջարկությունների իրականացումը Հայաստանում․ մեկնարկել է համաժողով

Երևանում նոյեմբերի 27-ին մեկնարկել է համաժողով Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) Հայաստանի վերաբերյալ առաջարկությունների իրականացման ընթացքը քննարկելու համար։

 

«Կոռուպցիայի կանխարգելումը և մարդու իրավունքների պաշտպանությունը» խորագրով միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի, Դատական իշխանության և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից` «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակներում:

 

«Կոռուպցիայի կանխարգելման հարցում մեծ դերակատարում ունի նաև Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը։ Տեղյակ եք, որ օրենքի փոփոխությունից հետո մենք ևս մասնակցություն ենք ունենալու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմի ձևավորմանը, և այս համաժողովը լավ հնարավորություն է հասկանալու ոլորտում առկա իրավիճակը»,- ասել է Արման Թաթոյանը համաժողովի բացման ժամանակ։

 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել նաև Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, GRECO-ի գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոսիտոն։