Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման ներկայացուցիչները երկօրյա մշտադիտարկման չհայտարարված այցեր են իրականացրել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժին և ՁՊՎ, Լոռու մարզային վարչության Սպիտակի, Տաշիրի և Վանաձոր քաղաքի Տարոնի բաժիններ և ՁՊՎ-ներ, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։
Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ, ստուգվել են նշված վայրերում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը:
Մշտադիտարկման ենթարկված ՁՊՎ-ներում արձանագրվել են խնդիրներ, որոնք կապված են՝
- մերձավոր ազգականների հետ ապակե միջնորմով տեսակցությունների տրամադրման և դրանց հսկման հետ.
- ազատությունից զրկման վայր ցանկացած մուտքի ժամանակ բժշկական զննության. կազմակերպման և դրա արդյունքների արձանագրման հետ.
- վերանորոգման և մաքրման աշխատանքների անհրաժեշտության հետ և այլն:
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում արձանագրվել են խնդիրներ, որոնք առնչվում են՝
- գերբնակեցմանը.
- բժշկական սպասարկման բաժնի համալրվածությանը.
- ազատազրկվածներին մեկուսի պահելուն ու այդ ընթացքում նրանց համար բավարար նպատակային գործունեության կամ ծրագրերի բացակայությանը.
- արտաքին զննությունների և դրանց ընթացքի ու արդյունքների արձանագրմանը.
- զբաղվածությանը, ներառյալ՝ կրթական և մասնագիտական ծրագրերի ապահովմանը, սոցիալ-հոգեբանական աշխատանքների կազմակերպմանը.
- վերանորոգման և մաքրման աշխատանքների անհրաժեշտությանը և այլն:
Այցերի ընթացքում վեր հանված խնդիրները քննարկվել են նշված հաստատությունների վարչակազմերի հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն ոլորտի մարմիններին:
Մշտադիտարկումների ընթացքում կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչների համար աշխատանքի խոչընդոտներ չեն ստեղծվել:
Բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը կգտնվեն Պաշտպանի ուշադրության կենտրոնում: