Որպես միջազգային առաջատար փորձի օրինակ. Թունիսում ներկայացվել են Պաշտպանի աշխատանքի սկզբունքներն ու մեթոդները

Որպես միջազգային առաջատար փորձի օրինակ. Թունիսում ներկայացվել են Պաշտպանի աշխատանքի սկզբունքներն ու մեթոդները

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 14-16-ը Թունիսում միջազգային բարձրաստիճան համաժողովի շրջանակներում ներկայացրել է Եվրախորհրդի կողմից լավագույններից ճանաչված Պաշտպանի աշխատանքի նոր սկզբունքները:

 

Արման Թաթոյանը հատկապես անդրադարձել է կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Քննարկվել են քրեակատարողական հիմնարկներ և ազատությունից զրկման վայրեր այցերի պլանավորման, դրանց իրականացման մեթոդները, կալանավորների ու դատապարտյալների հետ առանձնազրույցների վարման կարգը և այլն:

 

Եվրոպայի խորհրդի կողմից արաբախոս երկրների համար կազմակերպված համաժողովին ներկայացվել է Սլովենիայի, Սերբիայի, Դանիայի, Մեծ Բրիտանիայի, Խորվաթիայի ու Ֆրանսիայի փորձը։

 

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի սկզբունքներն ու մեթոդները գնահատվել են բարձր: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ համաժողովի մասնակից այլ երկրների կողմից այն ուսումնասիրելու և տեղայնացնելու ուղղությամբ։

 

Թունիսի Հանրապետությունում կատարած այցի ժամանակ Արման Թաթոյանին միջազգային համաժողովի մասնակից մի քանի ներկայացուցիչների հետ ընդունել է երկրի նախագահ Բեջի Կաիդ Էլ Սեբսին։ Վերջինս կարևորել է խոշտանգումների դեմ պայքարի ոլորտում փորձառու կառույցների հետ համատեղ աշխատանքը։