ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչ Հովհաննես Մհերյանը սեպտեմբերի 14-ից 17-ն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) կողմից կազմակերպված «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» խորագրով 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովին:
Գիտաժողովի շրջանակներում ներկայացվել է «Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերը խախտված իրավունքների վերականգնման գործընթացում» թեմայով զեկույց։ Զեկույցում, մասնավորապես, ներկայացվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքով վերապահված նոր գործառույթները խախտված իրավունքների վերականգնելու գործընթացում, դրա իրականացման մեխանիզմները, իրավասության շրջանակներն ու գործունեության երաշխիքներին։
Հատուկ անդրադարձ է կատարվել ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի թիրախավորված գնդակոծություններին, այդ գյուղերում Մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած փաստահավաք աշխատանքներին և դրանց արդյունքում անգլերեն և ֆրանսերեն լեզուներով հրապարակված արտահերթ հրապարակային զեկույցներին։
Գիտաժողովի իրավագիտության բաժանմունքի համանախագահող, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը բարձր է գնահատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությունը և կարևորել նրա ադրբեջանական զինուժի կողմից իրականացվող ոտնձգությունների մասին միջազգային հանրությանը իրազեկելու աշխատանքը։