Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքների քննարկման, ինչպես նաև մշտադիտարկման աշխատանքների արդյունքում վեր են հանվել կալանավորված անձանց իրավունքների խախտումներ կապված մերձավոր ազգականների հետ տեսակցությունների արգելման հետ:
Նշված խախտումները բացառելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և Արդարադատության նախարարությունը համատեղ մշակել են օրենսդրական նախագծերի փաթեթ, որը դրվել է հանրային քննարկման:
Մասնավորապես, ներկայում կալանավորված անձի հետ մերձավոր ազգականի տեսակցությունների արգելումը նախաքննության մարմնի պրակտիկայում, որպես կանոն, չունի հիմնավորում: Կիրառվում է առանց կոնկրետ ժամկետ նշելու: Ավելին, այդ հարցով նույնիսկ որոշում չի կայացվում: Վարույթն իրականացնող մարմինը բավարարվում է քրեակատարողական հիմնարկ գրություն հասցեագրելով:
Ակնհայտ է, որ այս իրավիճակը պարունակում է կամայականության ռիսկեր և ենթակա է վերացման: Այդ արգելքներն առանձին դեպքերում ունենում են կալանավորված անձանց լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ:
Հստակ է, որ նախաքննության փաստն ինքնին հիմք չէ արգելելու համար կալանավորված անձի տեսակցությունը, օրինակ՝ իր երեխայի, ամուսնու կամ ծնողի հետ: Նման արգելքի ցանկացած դեպք յուրաքանչյուր պարագայում պետք է ստանա պատշաճ հիմնավորում՝ անհատական մոտեցմամբ, ինչպես նաև սահմանափակված լինի կոնկրետ ժամկետներով: Սկզբունքային է նաև այն, որ այդպիսի որոշումները չեն կարող կայացվել քննիչի կողմից: Յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնել նաև կալանավորված անձի հոգեկան վիճակը, նրա կողմից հնարավոր ինքնավնասման կամ ինքնասպանության հավանականությունը, եթե արգելվի տեսակցությունն ընտանիքի հետ:
Պաշտպանը բարձր է գնահատում նոր ձևավորվող այս պրակտիկան Արդարադատության նախարարության հետ, որն ուղղված է համակարգային մակարդակում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդմանը: