ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում, որով կխստացվի քրեական պատասխանատվությունը փաստաբանի աշխատանքը խոչընդոտելու համար:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրականացրած մոնիթորինգի և ստացված բողոքների քննարկման արդյունքում վեր են հանվել խնդիրներ՝ կապված ազատությունից զրկման վայրերում փաստաբանի աշխատանքը խոչընդոտելու, այդ վայրեր փաստաբանների անարգել մուտքի հետ: Այս խնդիրների լուծումն ունի առանցքային նշանակություն, քանի որ փաստաբանի անխոչընդոտ աշխատանքն առաջնային երաշխիք է անձի նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքը կանխարգելելու և նրա նկատմամբ հնարավոր ապօրինի հետապնդումը կանխելու համար:
Ըստ այդմ, Պաշտպանի աշխատակազմում մշակվել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծ:
Նախագծի ընդունմամբ գործնականում առավել լիարժեք կիրացվի ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով փաստաբանին վերապահված իրավասությունը, կապահովվի փաստաբանի առավել անխոչընդոտ աշխատանքը և իրավաբանական օգնության կարիք ունեցող անձի իրավունքների առավել լիարժեք իրացումը:
Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է.
- ՀՀ քրեական օրենսգրքի 3323-րդ հոդվածի 1-ին մասը ենթարկել այնպիսի փոփոխության, որով այս հանցակազմի սուբյեկտ, պաշտոնատար անձից բացի, կհամարվի ցանկացած այլ այնպիսի անձ, որը խոչընդոտել է փաստաբանի օրինական գործունեությունը` առանց սուբյեկտների շրջանակի սահմանափակման: Ըստ այդմ, նախագիծը լրացնել առանձին մասով:
- ՀՀ քրեական օրենսգրքի 3323-րդ հոդվածով պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքն օգտագործելով փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար նախատեսված պատժաչափը խստացնել, ինչպես նաև նախատեսել պատիժ ազատազրկման ձևով:
- Քրեական օրենսգրքի հոդվածում նոր մասով պատասխանատվություն նախատեսել փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով՝ ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով:
Վերոնշյալ նախագիծը և դրա հիմնավորումը դրվել են շրջանառության մեջ: Պաշտպանի կողմից նախագիծը կներկայացվի նաև իրավապաշտպան կազմակերպություններին՝ կարծիքի:
Նախագիծը և դրա հիմնավորումը՝ ստորև
http://pashtpan.am/resources/ombudsman/uploads/files/proposal/a9a369347bd7cfe5fb44fac369e0c849.pdf
http://pashtpan.am/resources/ombudsman/uploads/files/proposal/bb63dde2e4ab735cae75d311efb000f5.pdf