«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Գագիկ Վարդանի Մելիքյանի մոր՝ Անահիտ Պողոսյանի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված 2017 թվականի մայիսի 3-ի բաց նամակի կապակցությամբ այսօր՝ մայիսի 4-ին Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի տեղակալը և աշխատակազմի բժիշկ-մասնագետը չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել կալանավորված անձ Գագիկ Միքայելյանին, ուսումնասիրել նրա պահման պայմանները:
Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են, որ այն խուցը, որտեղ պահվում է Գ. Միքայելյանը գերբեռնված է, և պահման պայմանները չեն համապատասխանում օրենսդրությամբ նախատեսված պահանջներին:
Նկատի ունենալով արձանագրված խախտումը` Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ, որի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարությանը պահանջ կներկայացվի անհապաղ միջոցներ ձեռնարկել տվյալ խցում պահվող ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի համար օրենսդրությամբ նախատեսված բնակելի տարածություն և քնելու հնարավորություն ապահովելու ուղղությամբ:
Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև Գ. Միքայելյանի առողջությանը վերաբերող բժշկական փաստաթղթերը և վերջինիս պատշաճ բուժօգնության տրամադրման կապակցությամբ գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարությանը:
Առանձնազրույցի ընթացքում Գ. Միքայելյանին բացատրվել են իր իրավունքների պաշտպանության հնարավորությունները և արդյունավետ միջոցները, բաց նամակում նշված խնդիրների վերաբերյալ նրան տրամադրվել է անհրաժեշտ խորհրդատվություն: