Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման գործում անհրաժեշտ է համատեղ ու սրտացավ աշխատանք․ Պաշտպան

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման գործում անհրաժեշտ է համատեղ ու սրտացավ աշխատանք․ Պաշտպան

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման ոլորտում ունենք ձեռքբերումներ, բայց առկա են նաև խնդիրներ։ Այս մասին այսօր Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի կազմակերպած քննարկման ժամանակ ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Քննարկմանը մասնակցել են նաև պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 

ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային համահունչ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման» մասին օրենքի ընդունմանն ու կիրարկմանը նվիրված քննարկման ժամանակ Պաշտպանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման գործում համատեղ ու սրտացավ աշխատանքը։

 

«Կարևոր է ֆիզիկական միջավայրի մատչելիության ապահովումը։ Դեռ ամբողջությամբ հարմարեցված չեն ճանապարհները, շենքերը։ Հաճախ ֆիզիկական միջավայրի մատչելիությունը սահմանափակվում է միայն թեքահարթակների առկայությամբ՝ առանց հաշվի առնելու հաշմանդամության բոլոր տեսակները։ Կարևոր է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքում ապրելու իրավունքը»,-իր խոսքում նշել է Արման Թաթոյանը։

 

Պաշտպանի աշխատակազմ ստացվող բողոքները վկայում են, որ հաշմանդամության կարգի սահմանման ոլորտում ևս կան խնդիրներ։

 

Հիշեցնենք, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ Պաշտպանին վերապահվելու է օրենքի, ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կիրարկման և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ մշտադիտարկում իրականացնելու լիազորությունը։