Հանդիպումը հատուկ կազմակերպվել էր և մասնակիցներն ի սկզբանե հրավիրվել էին Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպելու ու քննարկում ունենալու համար: Այսպիսի ֆորմատով հանդիպումն ուներ աննախադեպ բնույթ: Այն կազմակերպվել էր Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության աջակցությամբ:
Դրանց թվում են Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը, Խոշտանգումների զոհերի ռեաբիլիտացիայի միջազգային կազմակերպությունը, Բաց հասարակության եվրոպական քաղաքականության ինստիտուտը և այլն: Հանդիպմանը մասնակցել են նաև Եվրամիության ներկայացուցիչներ:
Քննարկմանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի կարգավորումները: Հատուկ ընգծվել է, որ նոր օրենքը նաև նպատակ ունի բարձրացնելու Հայաստանում օմբուդսմանի հաստատության ինստիտուցիոնալ դերը երկրի իրավական համակարգում: Դրանից բացի, քննարկվել է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Հայաստանում, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն այդ ոլորտում: Արման Թաթոյանը կարևորել է աշխատանքը հասարակական կազմակերությունների և լրագրողների հետ: Մասնավորապես, քննարկվել են ՀԿ-ների հետ աշխատանքի նոր սկզբունքները, որ դրված են օրենքում:
Մանրամասն քննարկվել են նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությանն ու դեպի Արցախ այցերին վերաբերող մի շարք հարցեր: Ա. Թաթոյանը ներկայացրել է Արցախի օմբուդսմանի զեկույցները, դրանցում տեղ գտած՝ դաժանությունների վերաբերյալ փաստերը: Մասնակիցներից մեկը հարցրել է Արման Թաթոյանի կարծիքը, այսպես կոչված, Բաքվի պլատֆորմի մասին: Ըստ Արման Թաթոյանի՝ որ այն իրական չէ և չի կարող ընդունելի լինել, երբ ապրիլյան պատերազմն ակնհայտորեն ցույց տվեց, որ դաժան սպանությունները կապված էին միայն այն փաստի հետ, որ մարդիկ հայ են: Ադրբեջանում այնքան մեծ է ատելության մակարդակը հայերի նկատմամբ, որ չի կարող լինել իրական պլատֆորմ, հենց այն էլ` Բաքվում: Այսպիսի դիրքորոշումը հիմնավորվել է կոնկրետ օրինակներով Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից:
Մյուս հարցին ի պատասխան Արման Թաթոյանն ընդգծել է նաև, որ պատրաստ է Հայաստանին վերաբերող հարցերի հետ կապված հանդիպել, բայց սկզբունքային դիրքորոշում է այն, որ Արցախին առնչվող հարցերով պետք է բացառապես մասնակցի քննարկումների Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը, քանի որ մարդու իրավունքների հետ կապված հարցերը որևէ կապ չունեն քաղաքականության հետ:
Արման Թաթոյանը կարևորել է լրագրողների աշխատանքը Արցախում և նշել, որ հիմա էլ ավելի պետք է ակտիվացնել աշխատանքը, որպեսզի ակտիվանան այցերը Արցախ: Եվս մեկ անգամ կարևորվել է այն սկզբունքը, որ մարդու իրավունքները սահմաններ չեն ճանաչում և Արցախի քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական ինստիտուտները պետք է ներգրավված լինեն բոլոր միջազգային հանդիպումներում:
Մասնակիցները բարձր են գնահատել քննարկումը Մարդու իրավունքների պաշտպանի հետ, նրա ակտիվ աշխատանքը թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային մակարդակի հանդիպումներին և պատրաստակամություն հայտնել համագործակցել առանձին ուղղություններով և շարունակել նամանատիպ քննարկումները: