Ուսումնասիրվում է Նորվեգիայի փորձը. զինծառայողների իրավունքներով զարգացվում են Պաշտպանի աշխատակազմի կարողությունները

Ուսումնասիրվում է Նորվեգիայի փորձը. զինծառայողների իրավունքներով զարգացվում են Պաշտպանի աշխատակազմի կարողությունները

Զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանման կարողությունները զարգացնելու նպատակով սեպտեմբերի 11-ից 14-ը Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները պաշտոնական այցով մեկնել են Նորվեգիայի Թագավորության մայրաքաղաք Օսլո: Այցը կազմակերպվել է «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» Եվրոպայի խորհրդի ծրագրի շրջանակում՝ Մեծ Բրիտանիայի կառավարության աջակցությամբ: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներից բացի պատվիրակության կազմում եղել են նաև ներկայացուցիչներ ՀՀ պաշտպանության նախարարությունից, ԱԺ մշտական հանձնաժողովից, Զինվորական դատախազությունից, Քննչական կոմիտեից:

 

Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել Նորվեգիայի Թագավորության Զինված ուժերի օմբուդսմանի գրասենյակի ղեկավարության հետ, ներկայացվել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության աշխարհում առաջինը համարվող նորվեգական մոդելը, ինչպես նաև ուսումնասիրվել է արական և իգական սեռի քաղաքացիների զորակոչմանը և զինվորական ծառայության կազմակերպմանը վերաբերող նորվեգական փորձը:

 

Պատվիրակության ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Նորվեգիայի Պաշտպանության նախարարության, Զինվորական դատախազության, Պաշտպանության ոլորտի բարեվարքության կենտրոնի, Նորվեգիայի պաշտպանության քոլեջի, Նորվեգիայի հետախուզության և անվտանգության ծառայության վերահսկողության խորհրդարանական կոմիտեի և զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

 

Նորվեգական փորձի ուսումնասիրության նպատակով կազմակերպվել է այց Նորվեգիայի զինված ուժերի զինավան, որտեղ պատվիրակության ներկայացուցիչները ծանոթացել են ռազմական ոստիկանության զորամասերում կրթական ծրագրերի անցկացման մեթոդաբանությանը, զրուցել ռազմական ոստիկանության զորամասերից մեկի պարտադիր ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել նրա զորանոցային առօրյային:

 

Նորվեգիայի օմբուդսմանի և Պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավարի ձեռք բերած պայմանավորվածության համաձայն երկու կառույցների միջև սկիզբ առած համագործակցությունը շարունակական է լինելու: