Տեղի է ունեցել Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի նիստ

Տեղի է ունեցել Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի նիստ

Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել են նաեւ ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ինչպես նաեւ մի շարք հասարակական կազմակերպություններից:

 

Քննարկման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի օրենսդրական բարեփոխումները, որոնք ուղղված են այսօր առկա օրենսդրական եւ պրակտիկ խնդիրների լուծմանը: Մասնավորապես, այսօր Անկախ հանձնաժողովի կողմից պայմանական վաղաժամկետ ազատման հարցի քննարկման ընթացքում չեն ապահովվում դատապարտյալի լսված լինելու, իրավաբանական օգնության, դատական բողոքարկման եւ մի շարք այլ սկզբունքային իրավունքներ:


Հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանում ազատությունից զրկման վայրերում ինքնասպանության դեպքերին, դրանց վիճակագրությանը, ինչպես նաեւ կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող եւ ձեռնակվելիք միջոցառումներին: Նշվել է, որ ինքնավնասման եւ ինքնասպանության հակում ունեցող անձանց հետ անազատության մեջ հայտնվելու առաջին իսկ օրվանից պետք է տարվեն համապատասխան աշխատանքներ սոցիալ-հոգեբանների կողմից, ինքնավնասման յուրաքանչյուր դեպքով պետք է իրականացվեն դրանց պատճառների վերհանման եւ կանխարգելման ուղղությամբ հստակ քայլեր:

 

Ներկայացվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի լիազորությունների իրականացման ընթացքում վեր հանված մի շարք օրենսդրական խնդիրներ եւ դրանց լուծման մեխանիզմներ: Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել մերձավոր ազգականների հետ շփումներն ապահովելու նպատակով դատապարտյալին մեկ ուղղիչ հիմնարկից մեկ այլ հիմնարկ տեղափոխելու, դատապարտյալներին եւ կալանավորված անձանց կարճաժամկետ մեկնումներ տրամադրելու օրենսդրական սահմանափակումների, կալանավորված անձանց անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու օրենսդրական կարգավորման բացակայության վերաբերյալ հարցեր:

 

Նիստի ավարտին ամփոփվել են մասնակիցների առաջարկությունները, դիտարկումները եւ կարծիքները, որոնք, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, գրավոր ներկայացվելու են համապատասխան մարմիններին քննարկված ոլորտներում օրենսդրական փոփոխությունների եւ իրավակիրառ պրակտիկայի հետագա բարելավման նպատակով: