Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորված անձը Պաշտպանի աջակցությամբ տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց

Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորված անձը Պաշտպանի աջակցությամբ տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց

Փաստաբանը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր պաշտպանյալի պատշաճ բուժօգնությունը կազմակերպելու հարցում:

 

Փաստաբանի պնդմամբ՝ իր պաշտպանյալն ունի առողջական լուրջ խնդիրներ, իսկ քրեակատարողական հիմնարկի կողմից ցուցաբերված բուժօգնությունը որևէ դրական ազդեցություն չի ունենում, արդյունքում նրա վիճակն օր օրի վատանում է: Նույն հարցով Պաշտպանին է դիմել նաև նաև կալանավորված անձի եղբայրը։

 

Բարձրացված հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, այդ թվում՝ գրություններ են հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն, ինչպես նաև իրականացվել է այց քրեակատարողական հիմնարկ: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել կալանավորված անձի հետ: Վերջինս բարձրացրել է խնդիրներ առողջական վիճակի և  խցային պայմանների հետ կապված: Մասնավորապես, նշել է, որ առողջական վիճակով պայմանավորված խցի սանհանգույցից ինքնուրույն օգտվել չի կարողանում, քանի որ այն ասիական տիպի է:

 

Լրացուցիչ գրություններ են ուղարկվել քրեակատարողական ծառայություն անձի ստացիոնար բուժումը կազմակերպելու և սանհանգույցից օգտվելու հնարավորությունը ապահովելու հարցով:

 

Քննարկման արդյունքում, Պաշտպանի աջակցությամբ, կալանավորված անձը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ ստացիոնար հետազոտությունների և բուժման համար: