Սիրելի՛ լրագրողներ,
Շնորհավորում եմ ձեզ մամուլի ազատության օրվա կապակցությամբ։
Մեր երկրում օր օրի արժևորվում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը հանրային կարևորության որոշումների կայացման գործընթացին, որում անփոխարինելի է լրագրողի դերը:
Լրագրողի աշխատանքն ինքնանպատակ չէ:
Լրագրողն է այն կարևոր գործառույթի կրողը, որի շնորհիվ հասարակության յուրաքանչյուր անդամ հնարավորություն է ստանում պատկերացումներ կազմել, թե երկրում ինչպես են գործում պետական մարմինները, ինչ գործընթացներ են տեղի ունենում հանրային կյանքում ու դրա հիման վրա ձևավորել սեփական պատկերացումներն այդ հիմնարար հարցերի վերաբերյալ: Սրանում է լրագրողի աշխատանքի ուժը, որի շնորհիվ էլ հենց քաղաքացին հնարավորություն է ստանում վերահսկել հանրային կյանքը:
Ցավոք, դեռ առկա են լրագրողի դերի վերաբերյալ ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր, որոնք դժվարացնում են լրագրողի լիարժեք, արդյունավետ աշխատանքը: Ուստի, չափազանց կարևոր է հանրային այն ընկալումների արմատավորումը, որ կանխավարկածը միշտ պետք է լինի օրենքին համապատասխան ու բարեխիղճ գործելու բարձր կոչումը կրող լրագրողի օրինավոր ու ազնիվ աշխատանքի օգտին:
Այս բոլոր հարցերի լուծումն էլ պահանջում է լրագրողի մասնագիտական բնականոն երաշխավորված աշխատանք, նրա անձնական անվտանգության ապահովում ու տեղեկությունների լիարժեք պաշտպանվածություն:
Յուրաքանչյուրս ենք պարտավոր մեր ամենօրյա աշխատանքով նպաստել լրագրողի դերի շարունակական բարձրացմանն ու բնականոն աշխատանքի երաշխավորմանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Արման Թաթոյան