ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիին:
Հանդիպման ընթացքում Պաշտպանը խոսել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նոր կարգավորումների մասին:
Մասնավորապես, ներկայացրել է Նոր օրենքով նախատեսված այն դրույթը, որի համաձայն՝ Պաշտպանն իրականացնում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն:
Արման Թաթոյանը նաև նշել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսվող ծրագրերի, միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակցության, համապատասխան բաժին ստեղծելու մասին և այլն:
Ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կարևորությունն երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություններին վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ամրապնդել և ընդլայնել ձևավորված արդյունավետ համագործակցությունը: