Քննարկում՝ փորձի փոխանակման նպատակով

Քննարկում՝ փորձի փոխանակման նպատակով

Հուլիսի 14-ին տեղի է ունեցել «Առողջապահությունը քրեակատարողական համակարգում. Հայաստանի և Վրաստանի փորձը» թեմայով կլոր սեղան-քննարկում: Քննարկմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: 

 

Հանդիպումը կազմակերպվել է երկու երկրներում բանտային առողջապահության խնդիրները և դրանց հնարավոր լուծումները համեմատության մեջ դիտարկելու և լավագույն փորձը փոխանակելու նպատակով:

 

Բացման խոսքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական,  սոցիալ-տնտեսական և մշակութային  իրավունքների պաշտպանության դեպարտամենտի  ղեկավար Արմեն Մաշինյանը խոսել է ժողովրդավար հասարակությունում  առողջության պահպանման, բժշկական օգնություն ստանալու յուրաքանչյուր անձի հիմնարար իրավունքի մասին:

 

Արմեն Մաշինյանը նշել է, որ Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման խնդիրները քրեակատարողական համակարգում առավել տարածված, համակարգային և առաջնահերթ լուծում պահանջող մարտահրավերներ են: Այդ խնդիրներն ու դրանց լուծուման ուղիները վեր են հանվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝որպես կանխարգելման ազգային մեխանիզմի արտահերթ հրապարակային զեկույցում:

 

Պաշտպանի խորհրդական Նինա Փիրումյանը հանդիպման մասնակիցներին  ներկայացրել է արտահերթ զեկույցի առանցքային ուղղությունները, դրանում  բարձրացված հիմնահարցերը, ինչպես նաև իրավական ուսումնասիրությունների արդյունքները, որոնք կարող են կարևոր ուղենշային նշանակություն ունենալ ազատազրկված անձի առողջության պահպանման իրավունքի երաշխավորման և օրենսդրական անկատարությունների վերացման հարցում:

 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը քննարկման ընթացքում անդրադարձել է Արդարադատության նախարարության ձեռնարկած քայլերին. նախատեսվում է մինչև տարեվերջ քրեակատարողական բոլոր հիմնարկներում ամբողջությամբ արդիականացնել առողջության առաջնային պահպանման ծառայությունները:

 

«Առողջապահությունը քրեակատարողական համակարգում. Հայաստանի և Վրաստանի փորձը» քննարկման մասնակիցներին ներկայացվել է քրեակատարողական հիմնարկներում առողջապահական բարեփոխումների հայկական և վրացական փորձը:

 

Կլոր սեղանի մասնակից, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության վրացական մասնաճյուղի ներկայացուցիչ Բակար Ջիկիան  գոհունակություն է հայտնել համագործակցության համար՝ հուսով, որ այն կլինի շարունակական: