Արման Թաթոյանը ԵԽ-ում ներկայացրել է ԼՂՀ օմբուդսմենի հատուկ զեկույցը

Արման Թաթոյանը ԵԽ-ում ներկայացրել է ԼՂՀ օմբուդսմենի հատուկ զեկույցը

Մայիսի 12-ին Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:

 

Արման Թաթոյանը ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ապրիլի սկզբին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիայի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված մարդու իրավունքների հիմնարար խախտումները:

 

Պաշտպանը Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է նաեւ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված դաժանությունների կոնկրետ օրինակներ եւ նրան է փոխանցել ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած՝ այդ դեպքերը վերլուծող զեկույցը:

 

Արման Թաթոյանն ընդգծել է նաեւ ազգությամբ հայերի նկատմամբ ատելություն եւ բռնություն սերմանող՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ քաղաքականության կործանարար հետեւանքները, որը խաթարում է Եվրոպայի խորհրդի ողջ իրավապաշտպան համակարգը: Ընդ որում, այդ քաղաքականությունը խրախուսվում է պետական մակարդակով եւ կրում է բացարձակ անհանդուրժողական բնույթ:

 

Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ մարդու իրավունքների խախտումներն անթույլատրելի են ցանկացած պարագայում. իրավունքների պաշտպանությունը քաղաքականություն կամ սահմաններ չի կարող ճանաչել:

 

Կողմերը կարեւորել են Մարդու իրավունքների պաշտպանի դերը երկրում եվրոպական չափանիշների ներդրման  հարցում: Մասնավորապես, հանդիպման ընթացքում նշվել է Օմբուդսմենի հաստատության կարեւորությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման գործում: Քննարկվել են նաեւ ընտանեկան բռնության կանխարգելման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ մի շարք այլ ոլորտների վերաբերող հարցեր: