Հրապարակային զեկույց 2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ

Հրապարակային զեկույց 2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ

2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից գրանցվել են թեժ գծին ուղղվող բոլոր ահազանգերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ քաղաքացիներին տրամադրվել է նաև իրավական պատշաճ խորհրդատվություն, ինչպես նաև ապահովվել է արագ արձագանքում: Պաշտպանի կողմից իրականացվել է նաև ողջ օրվա ընթացքում քվեարկության գործընթացի մոնիթորինգ լրատվության միջոցների օգնությամբ: Որոշ տեղեկություններ են ստացվել նաև իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից:

    

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված ահազանգերը վերաբերել են լրագրողների, դիտորդների եւ հանձնաժողովի անդամների գործունեության խոչընդոտմանը, ընտրական գործընթացի ոչ պատճաշ կազմակերպմանը, ընտրացուցակների անճշտություններին, տեղամասերում մարդկանց կուտակումներին, ընտրակաշառքի բաժանմանը, քաղաքացիներին ոչ իրավաչափ բերման ենթարկելուն և այլ խնդիրների:

 

Հատկապես պետք է արձանագրել, որ լրագրողների և դիտորդների գործունեությունը խոչընդոտելու ցանկացած դեպք պետք է դառնա անհապաղ քննության առարկա, իսկ իրավախախտում կատարած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ օրենքի ողջ խոստությամբ: Լրատվության միջոցների ազատ ու հավասար գործունեությունն է այն երաշխիքը, որ մի կողմից հասարակությանը հնարավորություն է տալիս լիարժեք իրացնելու տեղեկատվության ազատության իրենց իրավունքը, իսկ մյուս կողմից պետական մարմիններին զերծ է պահում կամայականություններից ու խախտումներից:

 

Ստացած ահազանգերի կապակցությամբ հաղորդումները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ուղարկվել են քրեական հետապնդման մարմիններին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած խախտումների, ինչպես նաև ստացած ահազանգերի վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ իրականացված քրեական վարույթների արդյունքները վկայում են, որ դրանց հիմնական մասով նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործերի հարուցումը մերժվել է կամ հարուցված քրեական գործերով վարույթները կարճվել են: Հարուցված քրեական գործերի քննության արդյունքում էլ հանցանք կատարած անձինք դատապարտվել են տուգանք պատժատեսակի:

 

Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից: Այսպիսի իրավիճակն ընդունելի չէ նաև քաղաքացիների իրավունքների դեմ ոտնձգող արարքների դեմ պետության իրավասու մարմինների կողմից տարվող պայքարի նկատմամբ հանրային վստահության տեսանկյունից: Պետք է բացառել նաև նման արարքների վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ նախապատրաստված նյութերով քրեական գործերի հարուցումը մերժելու պրակտիկան: Դա չի ապահովում այս ոլորտի հանցանքների արդյունավետ կանխարգելում, ինչպես նաև արդյունավետ չէ այդ հանցանքների հետևանքով վնաս կրած անձանց պատշաճ իրավական պաշտպանություն, նրանց կրած վնասների հատուցում:

 

Հրապարակային զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ: