Պետք է բացառել մարդու իրավունքների իրականացմանը ցանկացած միջամտություն

Պետք է բացառել մարդու իրավունքների իրականացմանը ցանկացած միջամտություն

Երեկ ողջ օրվա ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել Է Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը: Արտակարգ ռեժիմով կատարվել են այցեր Ոստիկանության այն ստորաբաժանումներ, որտեղ պահվել են բերման ենթարկվածները:

 

Ըստ բերման ենթարկված մի շարք քաղաքացիների՝ Ոստիկանության ծառայողների կողմից բերման ենթարկվելու եւ Ոստիկանության ստորաբաժանումներում գտնվելու ընթացքում չեն ապահովվել իրենց իրավունքները, իրենց նկատմամբ գործադրվել է ֆիզիկական ուժ, որի արդյունքում ստացել են մարմնական վնասվածնքեր:

 

Թեեւ հասկանալի է այսպիսի բարդ իրավիճակներում իրավապահ մարմինների կողմից կանխարգելիչ, հասարակական կարգի պահպանությանն ուղղված գործողությունների իրականացումը, այդուամենայնիվ պետք է բացառվի այդ իրավունքների իրականացմանը չհիմնավորված որեւէ միջամտություն եւ պետք է պահպանվեն քաղաքացիների՝ օրենքով սահմանված իրավունքները:

 

Ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին ցանկացած հայտարարություն պետք է ստուգման համապատասխան ընթացակարգ սկսելու անհապաղ հիմք դառնա:

 

Կարեւոր է, որ Ոստիկանության կողմից արդեն իսկ նախաձեռնվել է նման ընթացակարգ:

 

Պետք է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի քաղաքացիների իրավունքների հանարավոր խախտումները վեր հանվեն, լիազորությունների չարաշահման հնարավոր բոլոր դեպքերը եւ դրանք թույլ տված անձինք ենթարկվեն պատասխանատվության: