Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են հաղորդումներ Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Այս մասին հրապարակային հայտարարություններ են եղել նաև նրանց փաստաբանների կողմից:
Ստացված տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ: Առանձնազրույցներ են ունեցել Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի և Գագիկ Եղիազարյանի հետ:
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից իրականացվել է նշված անձանց մարմնի արտաքին զննություն:
Արեգ Կյուրեղյանը և Սմբատ Բարսեղյանը հրաժարվել են առանձնազրույց ունենալուց, սակայն նրանց վերաբերյալ բժշկական փաստաթղթերը ենթարկվել են մանրամասն ուսումնասիրության:
Մխիթար Ավետիսյանի պնդմամբ, ինքը բժշկական օգնության չի դիմել: Արայիկ Խանդոյանի պնդմամբ՝ ինքն օգտագործել է իր մոտ եղած դեղամիջոցները, իսկ Գագիկ Եղիազարյանին ՔԿՀ-ի կողմից տրամադրվել է ցավազրկող դեղամիջոց:
Արտաքին զննության արդյունքներով՝
1. Արայիկ Խանդոյանի մոտ արձանագրվել է ստորին վերջույթների զույգ ծնկան հոդերի դրսային հատվածներում թվով երկու (յուրանքաչյուր վերջույթում՝ մեկական) գծային քերծվածքներ՝ մոտ 1-2 սմ. երկարությամբ, կարմրավուն երանգով.
2. Մխիթար Ավետիսյանի մոտ արձանագրվել են աջ թիակի վերին հատվածում՝ ուսագոտու հարևանությամբ մոտ 12սմ. երկարությամբ և մոտ 4 սմ. լայնությամբ քերծվածք, ձախ թիակի դրսային եզրին՝ մոտ 6սմ. երկարությամբ և մոտ 4 սմ. լայնությամբ քերծվածք, ձախ արմնկային հոդի այտուց, արմնկային հոդի դրսային հատվածում մոտ 4սմ. երկարությամբ և մոտ 3սմ. լայնությամբ քերծվածք,
3. Գագիկ Եղիազարյանի մոտ արձանագրվել են վերին շրթունքի աջ անկյունային, ներսային հատվածում լորձաթաղանթի վնասվածք՝ կապտավուն երանգով, իսկ ստորին շրթունքի աջ, անկյունային հատվածում լորձաթաղանթի վնասվածք՝ մոտ 1 սմ. տրամագծով՝ կարմրավուն երանգով, ձախ արմնկային հոդի շրջանում՝ կողմնային մակերեսին մոտ 2սմ. մակերեսով քերծվածք՝ կարմրավուն երանգով, թիկունքի շրջանում՝ 4-րդ և 5-րդ կրծքային ողերի մակարդակում, ողնաշարի ուղղությամբ քերծվածք՝ մոտ 2սմ. երկարությամբ և մոտ 1սմ. լայնությամբ՝ կարմրավուն երանգով.
Առանձնազրույցների ընթացքում կալանավորված անձինք տեղեկացրել են, որ ֆիզիկական ուժի կիրառման հետքերը Ոստիկանության ծառայողների կողմից գործադրված բռնությունների հետևանք են:
Մանրամասն ուսումնասիրվել և արձանագրվել են նաև նշված անձանց մարմնական զննության ենթարկելու վերաբերյալ ՔԿՀ-ում առկա արձանագրությունները:
Նշված բոլոր տեղեկությունները պարունակում են հանցագործության առերևույթ հատկանիշներ, որոնց հիման վրա պետք է անհապաղ նախաձեռնվի քրեական դատավարության օրենսրքով նախատեսված ընթացակարգ:
Ձեռք բերված բոլոր տվյալները սահմանված կարգով ամփոփվել են և ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթի շրջանակներում դրանք ստուգելու, անհրաժեշտ իրավական գնահատական տալու հարցը լուծելու նպատակով: