Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2017 թվականի մարտի 20-24-ն աշխատանքային այցով գտնվել են Սերբիայի Հանրապետությունում:
Այցի նպատակն է եղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ Սերբիայի Քաղաքացիների պաշտպանի ինստիտուտների գործունեության ուսումնասիրությունը, ինչպես նաեւ կառույցների միջեւ փորձի փոխանակումը, մասնավորապես՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում:
Այցի շրջանակներում Սերբիայի Քաղաքացիների պաշտպանի ներկայացուցիչները հայաստանյան պատվիրակությանն են ներկայացրել իրենց կառույցի լիազորություններն ու կառուցվածքային առանձնահատկությունները, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեության իրենց մեխանիզմներն ու տեղական փորձը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցներն առավել համապարփակ ուսումնասիրության նպատակով այցելել են Սերբիայում անչափահասների ուղղիչ-դաստիարակչական հիմնարկ, հանդիպումներ են ունեցել նաեւ Սերբիայի քաղաքացիական ու հասարակական ոլորտի ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել են երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված մեխանիզմները:
Հանդիպումների ընթացքում կարեւորվել է երկու երկրների ինստիտուտների միջեւ ձեւավորված համագործակցության բարձր մակարդակը, ինչի շրջանակում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առավել ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը: