ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Ժնեւում հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնին: Գերագույն հանձնակատարը շնորհակալություն է հայտնել միջազգային պահանջներին համապատասխան տարված արդյունավետ եւ ակտիվ աշխատանքի համար եւ ընդգծել, որ դա հենց այն աշխատանքն է, որ ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակը ակնկալում է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտից:
Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը գերագույն հանձնակատարին է ներկայացրել այս տարվա ապրիլի սկզբին ադրբեջանական ռազմական ագրեսիայի ընթացքում Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կատարած՝ մարդու իրավունքների հիմնարար խախտումները՝ դաժանությունների կոնկրետ օրինակներով:
Պաշտպանը գերագույն հանձնակատարին է փոխանցել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած՝ այդ դեպքերը վերլուծող զեկույցները, ինչպես նաեւ արգելված զինատեսակների եւ քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ թիրախավորված հարձակումների վերաբերյալ տվյալները՝ կոնկրետ փաստերով:
Մարդու իրավունքների խորհրդի 33-րդ նիստի ընթացքում գերագույն հանձնակատարն իր բացման խոսքում նշել էր, որ Լեռնային Ղարաբաղ այցելելու հնարավորություն չունի եւ այդ իսկ պատճառով չի տիրապետում այնտեղ մարդու իրավունքների վիճակին: Այս կապակցությամբ Պաշտպանը հանձնակատարին է փոխանցել ԼՂ մարդու իրավունքների պաշտպանի՝ Արցախ այցելելու հրավերը:
Արման Թաթոյանն առանձնապես ընդգծել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի մասնակցության կարեւորությունը միջազգային մակարդակի հանդիպումներին, քանի որ դա կապ չունի որեւէ քաղաքական հարցի հետ եւ ունի բացառապես իրավապաշտպան եւ կանխարգելիչ նպատակներ:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաեւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի առանցքային կարգավորումները եւ կարևորվել է գերագույն հանձնակատարի գրասենյակի կարծիքը դրա վերաբերյալ: Շեշտադրվել են սահմանադրական փոփոխությունների արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանին ընձեռնված նոր լիազորությունները, այդ թվում՝ մասնավոր կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանումը եւ այդ կազմակերպությունների խախտած իրավունքների եւ ազատությունների վերականգնումը:
Հանդիպման ավարտին գերագույն հանձնակատարը առաջարկել է լինել մշտական կապի մեջ եւ կարեւորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դերը միջազգային կազմակերպությունների եւ ՀՀ իշխանությունների հետ կապի հարցերում: