ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հունվարի 30-ից փետրվարի 2-ըվերապատրաստման դասընթացներ են անցկացրել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողների համար: Դրանք իրականացվել են «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությամբ:
Դասընթացների ընթացքում հիմնականում քննարկվել են ազատությունից զրկված անձանց և քրեակատարողական ծառայողների իրավունքներին ու պարտականություններին առնչվող հարցեր: Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել այնպիսի թեմաներին, ինչպիսիք են ազատությունից զրկված անձանց պատշաճ բժշկական սպասարկումը, խոցելի խմբերի նկատմամբ վարվեցողության առանձնահատկությունները, խոշտանգումների և վատ վերաբերմունքի արգելքը, բժշկական անձնակազմի կողմից մարմնական վնասվածքների պատշաճ արձանագրումը և փաստաթղթավորումը, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց հիմնարար իրավունքներին առնչվող այլ թեմաներ: Դասընթացների ընթացքում դասընթացավարների կողմից վերը նշված թեմաները քննարկվել են ինչպես դասախոսությունների, այնպես էլ խմբային աշխատանքների և վարժությունների միջոցով: