Չհայտարարված այցեր ՔԿՀ-ներ՝ հուլիսյան իրադարձություններով կալանավորված անձանց իրավունքների ապահովման վիճակն ուսումնասիրելու համար

Չհայտարարված այցեր ՔԿՀ-ներ՝ հուլիսյան իրադարձություններով կալանավորված անձանց իրավունքների ապահովման վիճակն ուսումնասիրելու համար

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարաված այց են կատարել «Արմավիր», «Վարդաշեն», «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ 2016 հուլիսյան իրադարձությունների ժամանակ կալանավորված ավելի քան 30 անձի իրավունքների ապահովման վիճակի և պահման պայմանների մշտադիտարկման նպատակով:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական անգամ ուսումնասիրելու են Պավել Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի, Արամ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Հովհաննես Հարությունյանի, Գագիկ Եղիազարյանի, Մանվել Աթոյանի, Արմեն Լամբարյանի, Անդրիաս Ղուկասյանի, Թաթուլ Թամրազյանի, Աշոտ Պետրոսյանի, Արայիկ Հակոբյանի, հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի, Տիգրան Մանուկյանի, Վարդգես Գևորգյանի և այլ կալանավորված անձանց առողջական վիճակը, նրանց բժշկական փաստաթղթերը, պահման պայմանները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքներում բարձրացված հանգամանքները:

Այցից առաջ Պաշտպանի ներկայացուցիչները կապ են հաստատել կալանավորված անձանց փաստաբանների հետ, լսել նրանց մտահոգություններն իրենց պաշտպանյալների իրավունքների ապահովման վերաբերյալ, որոնք այցի ընթացքում կդառնան առանձին քննարկման առարկա: