2017 թ. մայիսի 22-ին տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցչության կողմից կազմակերպված «Փախստականի հասկացության և ապաստանի տրամադրման ընթացակարգերի ներկայացումը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին» խորագրով աշխատաժողովը:
Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի մանդատը և ձևավորման պատմությունը, փախստականի հասկացության սահմանումը միջազգային և ներպետական իրավունքում, փախստականի կարգավիճակի բացառման և դադարման հիմքերը, ինչպես նաև ապաստանի տրամադրման ընթացակարգը: Նշված թեմաների տեսական կարգավորումները և գործնական խնդիրները ներկայացրել են ազգային փորձագետի, ՄԱԿ ՓԳՀ-ի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) և «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի ներկայացուցիչները:
Աշխատաժողովին մասնակցել են նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի, ՄՊԾ-ի և ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Մաշինյանը: Նա անդրադարձել է փախստականների, ապաստան հայցողների և մտահոգության առարկա հանդիսացող այլ անձանց իրավունքների պատշաճ իրացմանը Հայաստանում և բարձր է գնահատել ոլորտում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության դերը և երկու կառույցների միջև համագործակցությունը: Արմեն Մաշինյանը կարևորել է նաև 2017 թվականի ընթացքում իրականացվող Ծրագրի շրջանակներում Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացումը:
Բացման խոսքով հանդես է եկել նաև ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի իրավաբանական բաժնի ղեկավար Իննա Բորիսևիչը: Նա կարևորել է տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության և Հայաստանում ապաստան հայցողների իրավիճակի ուսումնասիրման գործում ՄԱԿ ՓԳՀ-ի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջև սերտ համագործակցությունը, ընդգծել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 14(1)-րդ հոդվածի, այն է՝ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի հետապնդուﬕց ապաստան որոնելու ուրիշ երկրներոււմ և օգտվելու այդ ապաստանից» իրականացման գործում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դերը:
Կողմերը կարևորեցին համատեղ ծրագրով նախատեսված նմանատիպ միջոցառումների շարունակական բնույթը, համագործակցության ընդլայնումը փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում կարողությունների հզորացման անհրաժեշտությունը: