Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից Արմավիր ՔԿՀ տեղաբաշխված կալանավորված անձանց այցելելու կապակցությամբ

Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից Արմավիր ՔԿՀ տեղաբաշխված կալանավորված անձանց այցելելու կապակցությամբ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման և Արագ արձագանքման վարչությունների մասնագետները փետրվարի 15-ին չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ նոյեմբերի 29-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից «Արմավիր» ՔԿՀ տեղաբաշխված կալանավորված անձանց՝ Վարուժան Ավետիսյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Մարտիրոս Հակոբյանի պահման պայմանների ուսումնասիրության նպատակով: 

Կատարված այցելության ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց՝ Վարուժան Ավետիսյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Մարտիրոս Հակոբյանի հետ, մանրամասն ուսումնասիրել վերջիններիս խցային պայմանները: 


Մարտիրոս Հակոբյանը բարձրացրել է կենցաղի ապահովման հետ կապված հարցեր, որոնք աշխատանքային կարգով քննարկվել են վարչակազմի հետ։ Պահման պայմանների վերաբերյալ այլ հարցեր չեն բարձրացվել: Ժիրայր Սեֆիլյանի կողմից բարձրացվել է իր պաշտպանի տեսակցելու թույլտվությունը մերժելու մասին հարցը:


Պաշտպանի տեսակցելու թույլտվությունը մերժելու, ինչպես նաև արձանագրված այլ խնդիրների կապակցությամբ Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ: 
Քրեակատարողական հիմնարկներ իրականացվող չհայտարարված այցելությունները կրելու են շարունակական բնույթ: