Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է որոշում, որով արձանագրել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի իրավունքների խախտում:
Մասնավորապես, Պաշտպանը հաստատված է համարել, որ տեղի է ունեցել կալանավորված անձի իրավունքների խախտում` կապված անձի առողջական վիճակի եւ քրեակատարողական հիմնարկում նրան բժշկական օգնության ցուցաբերման հետ:
Այս կապակցությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է որոշում կալանավորված անձին կալանքից ազատելու եւ նրա նկատմամբ կալանքի փոխարեն գրավը որպես խափանման միջոց կիրառելու մասին՝ հիմք ընդունելով նաեւ խախտում արձանագրելու մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում անդրադարձել է նաեւ ՀՀ արդարադատության նախարարությանն ուղղված Պաշտպանի դիմումին, համաձայն որի՝ վերջինս անհրաժեշտ է համարել կալանավորված անձին անհապաղ տեղափոխել համապատասխան առողջապահական մասնագիտացված բուժական հիմնարկ:
Դատարանն իր որոշմամբ հատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Մարդու իրավունքների պաշտպանը հաստատված է համարել ազատությունից զրկման վայրում բուժման պայմանների հետ կապված կալանավորված անձի իրավունքների խախտումը:
Մարդու իրավունքների պաշտպանը կարեւորում է Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Պաշտպանի որոշմանն արված վկայակոչումները, ինչպես նաեւ ազատությունից զրկման վայրում գտնվող անձի առողջական վիճակի եւ դրա հետ կապված` նրա պահման պայմանների վերաբերյալ դատարանի իրավական վերլուծությունները: