Զորակոչիկը տարկետում է ստացել Պաշտպանի առաջարկով անցկացված քննության արդյունքում

Զորակոչիկը տարկետում է ստացել Պաշտպանի առաջարկով անցկացված քննության արդյունքում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմած զորակոչիկը տեղեկացրել է, որ  ունի ողնաշարի ճողվածքներ, սակայն զինկոմիսարիատից ստացած ուղեգրի հիման վրա անցած ռենտգեն հետազոտությամբ դրանք չեն հայտնաբերվել:

 

Դիմումատուն խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ պատշաճ բժշկական հետազոտություն անցնելու և զինվորական ծառայության պիտանելիությունը որոշելու հարցերում:

 

Կենտրոնական բժշկական հանձնաժողով կատարած այցելության արդյունքում պարզվել է, որ դիմումատուի մոտ ախտորոշվել է դեղորայքային ալերգիա և ողնաշարի գոտկասրբանային հատվածի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխությունների սկզբնական նշաններ՝ ձախակողմյան արմատիկային թեթև համախտանիշով: Մեկ այլ բժշկական կենտրոնում դիմումատուն իր նախաձեռնությամբ անցել է մագնիսոռեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) հետազոտություն, հայտնաբերվել է ողնաշարի երեք ճողվածք:  

 

Կենտրոնական բժշկական հանձնաժողովում երկրորդ փորձաքննության ժամանակ  հանձնաժողովի անդամներն ու Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ուսումնասիրել են դիմումատուի անձնական գործը, մագնիսոռեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) հետազոտության ընթացքում հայտնաբերված ողնաշարային ճողվածքների լուսանկարները:

 

Քննարկման արդյունքում դիմումատուն ստացել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի պատճառով տարկետման իրավունք: