Հայտարարություն քրեական վարույթ անհապաղ նախաձեռնելու անհրաժեշտության վերաբերյալ

Հայտարարություն քրեական վարույթ անհապաղ նախաձեռնելու անհրաժեշտության վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են հաղորդումներ Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Այս մասին հրապարակային հայտարարություններ են եղել նաև նրանց փաստաբանների կողմից:


Ստացված տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ: Առանձնազրույցներ են ունեցել Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի և Գագիկ Եղիազարյանի հետ:


Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից իրականացվել է նշված անձանց մարմնի արտաքին զննություն: 


Արեգ Կյուրեղյանը և Սմբատ Բարսեղյանը հրաժարվել են առանձնազրույց ունենալուց, սակայն նրանց վերաբերյալ բժշկական փաստաթղթերը ենթարկվել են մանրամասն ուսումնասիրության:


Մխիթար Ավետիսյանի պնդմամբ, ինքը բժշկական օգնության չի դիմել: Արայիկ Խանդոյանի պնդմամբ՝ իրեն պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել և ինքն օգտագործել է իր մոտ եղած դեղամիջոցները, իսկ Գագիկ Եղիազարյանին ՔԿՀ-ի կողմից տրամադրվել է ցավազրկող դեղամիջոց:


Արտաքին զննության արդյունքներով՝
1. Արայիկ Խանդոյանի մոտ արձանագրվել է ստորին վերջույթների զույգ ծնկան հոդերի դրսային հատվածներում թվով երկու (յուրանքաչյուր վերջույթում՝ մեկական) գծային քերծվածքներ՝ մոտ 1-2 սմ. երկարությամբ, կարմրավուն երանգով.
2. Մխիթար Ավետիսյանի մոտ արձանագրվել են աջ թիակի վերին հատվածում՝ ուսագոտու հարևանությամբ մոտ 12սմ. երկարությամբ և մոտ 4 սմ. լայնությամբ քերծվածք, ձախ թիակի դրսային եզրին՝ մոտ 6սմ. երկարությամբ և մոտ 4 սմ. լայնությամբ քերծվածք, ձախ արմնկային հոդի այտուց, արմնկային հոդի դրսային հատվածում մոտ 4սմ. երկարությամբ և մոտ 3սմ. լայնությամբ քերծվածք, 
3. Գագիկ Եղիազարյանի մոտ արձանագրվել են վերին շրթունքի աջ անկյունային, ներսային հատվածում լորձաթաղանթի վնասվածք՝ կապտավուն երանգով, իսկ ստորին շրթունքի աջ, անկյունային հատվածում լորձաթաղանթի վնասվածք՝ մոտ 1 սմ. տրամագծով՝ կարմրավուն երանգով, ձախ արմնկային հոդի շրջանում՝ կողմնային մակերեսին մոտ 2սմ. մակերեսով քերծվածք՝ կարմրավուն երանգով, թիկունքի շրջանում՝ 4-րդ և 5-րդ կրծքային ողերի մակարդակում, ողնաշարի ուղղությամբ քերծվածք՝ մոտ 2սմ. երկարությամբ և մոտ 1սմ. լայնությամբ՝ կարմրավուն երանգով.
Առանձնազրույցների ընթացքում կալանավորված անձինք տեղեկացրել են, որ ֆիզիկական ուժի կիրառման հետքերը Ոստիկանության ծառայողների կողմից գործադրված բռնությունների հետևանք են:

 

Մանրամասն ուսումնասիրվել և արձանագրվել են նաև նշված անձանց մարմնական զննության ենթարկելու վերաբերյալ ՔԿՀ-ում առկա արձանագրությունները:

 

Նշված բոլոր տեղեկությունները պարունակում են հանցագործության առերևույթ հատկանիշներ, որոնց հիման վրա պետք է անհապաղ նախաձեռնվի քրեական դատավարության օրենսրքով նախատեսված ընթացակարգ:

 

Ձեռք բերված բոլոր տվյալները սահմանված կարգով ամփոփվել են և ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթի շրջանակներում դրանք ստուգելու, անհրաժեշտ իրավական գնահատական տալու հարցը լուծելու նպատակով: