Նոյեմբերի 20-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՀԿ-ների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` նվիրված կանանց տնտեսական իրավունքների իրականացմանը:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում կազմակերպված միջոցառման նպատակն է աջակցել մարզերում բնակվող կանանց տնտեսական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև նպաստել տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունների ստեղծմանը և հասարակության մեջ կնոջ դերի վերաբերյալ կարծրատիպերի հաղթահարմանը:
Քննարկվել են կանանց զբաղվածության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցության ուղիները, կանանց կարողությունների զարգացման և տնտեսական առաջխաղացման հնարավորությունները:
Միջոցառման ժամանակ կազմակերպվել է նաև վերապատրաստման դասընթաց: Դասընթացին ներգրավված փորձագետը ներկայացրել է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնելու իրավական կարգավորումները, հարկման կարգը, գնագոյացման մեթոդները և այլ հարցեր:
Նման քննարկումները կկրեն շարունակական բնույթ՝ հնարավորություն ընձեռելով մարզերում բնակվող կանանց զարգացնել իրենց տնտեսական կարողություններն ու վաճառել սեփական արտադրանքը: