Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 29-ին Ստրասբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանից նշանակված դատավոր Արմեն Հարությունյանը և դատարանի քարտուղար Ռոդրիկ Լիդելը:
Հանդիպման ընթացքում կարևորվել է Սահմանադրական դատարան հատուկ կարծիքներ ներկայացնելու, օրենսդրական նախագծեր մշակելու, Եվրոպական դատարանում քննվող գործերի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հատուկ կարծիքներ ներկայացնելու առաջարկվող պրակտիկան և այլն:
Ըստ Եվրոպական դատարանի գործընկերների՝ Մարդու իրավունքների պաշտպանի այս նոր նախաձեռնությունները միջազգային լավագույն փորձի օրինակ են և ավելի կնպաստեն դատարանի իրավական չափանիշների ներդրմանը: Բարձր է գնահատվել Մարդու իրավունքների պաշտանի զեկույցների որակը, որոնք հաշվի են առնվում դատարանի կողմից վճիռներ կազմելիս:
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը դատարանի վճիռների կատարմանը և համագործակցությունը Նախարարների կոմիտեի հետ:
Արման Թաթոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Գիդո Ռայմոնդիին աշխատանքը գնահատելու համար և նշել, որ այն շարունակաբար ուղղված է լինելու դատարանի իրավական չափանիշների ներդրմանը երկրի իրավական համակարգում: