Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնևում հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ։
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ընթացքում ներկայացրել է իր գործունեության առաջնահերթությունները։ Մասնավորապես, քննարկվել է խոշտանգումների կանխարգելման, կանանց ու երեխաների իրավունքների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքը և մի շարք այլ հարցեր:
Արման Թաթոյանը նշել է, որ ներկայում իր գործունեության ակտիվ ուղղությունն է երկրի իրավապաշտպան համակարգի կատարելագործումը և խթանումը, այդ թվում՝ մարդու իրավունքների կրթության և վերապատրաստումների միջոցով: Այս աշխատանքների առաջնահերթ նպատակներից է կարծրատիպերի վերացումը, որոնք խոչընդոտում են հաճախ բարեփոխումների իրականացումը: Կարևոր է նաև համագործակցությունը պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է համագործակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ, այդ թվում՝ խոշտանգումների կանխարգելման, կանաց իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ոլորտներում: Արման Թաթոյանը նշել է ակտիվ համագործակցություն է հաստատված նաև գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ՝ կապված ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական վերանայման գործընթացի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնել հետագա համագործակցությունը: