Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ ապրիլի 13-14 կազմակերպվել է երկօրյա դասընթաց՝ կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակով արված առաջարկների կատարման նկատմամբ հսկողության, դրա մեխանիզմի կատարելագործման և այդ ոլորտում Պաշտպանի աշխատակազմի կարողությունների ամրապնդման նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ելույթում ընդգծել է նման ձևաչափով քննարկումների, ինչպես նաև խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելմանն ուղղված առաջարկների կատարման նկատմամբ հսկողության կարևորությունը: Հատուկ ուշադրություն է դարձվել պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ երկխոսությանը՝ առաջարկների ներկայացման ուղղությամբ արդյունավետ հետևողականության և հսկողության հարցում:
Եվրոպական միության «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում միջազգային փորձագետներ Եվա Չերգոի և Բենջամին Բաքլանդի մասնակցությամբ քննարկվել է կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայիս փորձը, ինչպես նաև այցերի պլանավորման և իրականացման ռազմավարությունը, զեկույցների կազմման և բարձրացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների մշակումը, ինչպես նաև դրանց հետևողական իմպլեմենտացիային առնչվող մի շարք հարցեր:
Դասընթացի մասնակիցները վեր են հանել նաև գործնականում հանդիպող խնդիրներ, միջազգային փորձագետների հետ փորձի փոխանակման արդյունքում ընդգծվել են ներպետական օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի՝ միջազգային չափանիշներին անհամապատասխանության հարցերը, քննարկել դրանց լուծմանն ուղղված հնարավոր ուղիները: