Հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփումներում անհրաժեշտ է ընկալումների փոփոխություն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ այս հարցում շատ են խտրականության դեպքերը։
«Մենք պետք է բացառենք խտրականությունը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, ապահովենք մատչելիություն, հավասարություն օրենքի առաջ, բարձրացնենք իրազեկվածությունը, ինչպես նաև երաշխավորենք բռնությունից, չարաշահումից ու շահագործումից զերծ մնալը»,- մանրամասնել է Պաշտպանը։
USAID-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում լրագրողների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, որոնք արձանագրվել են Պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ։
Նա շեշտել է, որ պետք է երաշխավորել հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ ներգրավվածությունը քաղաքական, մշակութային ու տնտեսական կյանքին։
«Պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան ինքնուրույն իրացնել իրենց իրավունքները»,- ասել է Արման Թաթոյանը։
Հիշեցնենք, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ Պաշտպանին վերապահվելու է օրենքի, ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կիրարկման և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ մշտադիտարկում իրականացնելու լիազորությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։