Պաշտպանի աշխատակազմը կազմակերպել է երկօրյա դասընթաց դատարանի խցերի և ՁՊՎ-ների մշտադիտարկման վերաբերյալ

Պաշտպանի աշխատակազմը կազմակերպել է երկօրյա դասընթաց դատարանի խցերի և ՁՊՎ-ների մշտադիտարկման վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նոյեմբերի 24-ից 25-ը Ծաղկաձորում կազմակերպել է «Կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակում ազատությունից զրկված անձանց տեղափոխելու համար նախատեսված մեքենաների, դատարանի խցերի, ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերի մշտադիտարկումը» խորագրով դասընթաց։

 

Եվրոպայի Խորհրդի հայաստանյան գրասենյակի «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և Հայաստանում վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքար» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Ոստիկանության, Փաստաբանների պալատի, հասարակական կազմակերպությունների և դիտորդական խմբերի ներկայացուցիչներ։

 

Միջոցառման ընթացքում ԵԽ միջազգային փորձագետներ Ջորջ Տուգուշիի և Ուոլթեր Սանթինգերի մասնակցությամբ քննարկվել են ազատությունից զրկված անձանց տեղափոխելու համար նախատեսված տրանսպորտային միջոցներում, դատարանի խցերում, ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրված մի շարք հարցեր: Դրանք, մասնավորապես, առնչվել են պահման պայմաններին, ինչպիսիք են՝ գերբնակեցումը, լուսավորությունը, օդափոխությունը, սնունդը, անվտանգությունը, սանիտարահիգիենիկ վիճակը, ինչպես նաև բուժօգնության կազմակերպումը, հարմարեցված տրանսպորտային միջոցները և այլն: Կարևորվել է նշված խնդիրների մշտադիտարկման հարցում Պաշտպանի՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի դերը։

 

Դասընթացի մասնակիցները վեր են հանել գործնականում հանդիպող խնդիրները, միջազգային փորձագետների հետ փորձի փոխանակման արդյունքում ընդգծվել են ներպետական օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի՝ միջազգային չափանիշներին անհամապատասխանության հարցերը, քննարկել դրանց լուծմանն ուղղված հնարավոր ուղիները: