Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երկօրյա չհայտարարված այց են իրականացրել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված զորամասեր՝ Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումն ապահովելու, ինչպես նաև զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով: Այցերի ընթացքում ուսումնասիրվել է տրամադրվող բուժօգնության որակը, առանձնազրույցներ են տեղի ունեցել զինծառայողների հետ, սպայական և շարքային կազմի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց հուզող խնդիրները:
Արձանագրված խնդիրները քննարկվել են զորամասերի հրամանատարների հետ, այցի արդյունքների ամփոփումից հետո համապատասխան գրություններ կհասցեագրվեն Պաշտպանության նախարարություն:
Նախորդ այցերի ժամանակ արձանագրված և Պաշտպանի կողմից բարձրացված առանձին խնդիրներ կապված բժշկական օգնության տրամադրման հետ ստացել են դրական լուծում։