Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կազմակերպած քառօրյա ճանաչողական այցով մեկնել են Բեռլին: Այցի հիմնական նպատակն է եղել ներկա գտնվել Բունդեսթագի Պետիցիայի հանձնաժողովի նիստերին և անմիջականորեն ծանոթանալ Գերմանիայի՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող պառլամենտական մարմինների գործունեությանը: Այցի շրջանակներում Պաշտպանի աշխատակազմը գործնական հանդիպումներ է ունեցել Պետիցիայի հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի անդամների, Բունդեսթագի պատգամավորների, ինչպես նաև Զինծառայողների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչների հետ:
Աշխատակազմն աշխատանքային հանդիպում է ունեցել նաև Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Աշոտ Սմբատյանի հետ: Քննարկվել են դեսպանության աշխատանքի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հետ կապված հարցեր:
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել այցելելու նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ՝ հիմնադրամի միջազգային աշխատանքին ծանոթանալու և Պաշտպանի ինստիտուտի հետ հետագա համագործակցության հնարավոր ուղիները քննարկելու նպատակով:
Ճանաչողական այցը հնարավորություն է ընձեռել ոչ միայն մասնագիտական քննարկումներ ծավալելու մարդու իրավունքների պաշտպանության գերմանական համակարգի վերաբերյալ, այլև ներկայացնելու հայաստանյան փորձը՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղությունները, գործառույթները, գործունեության սահմանադրաիրավական և օրենսդրական երաշխիքները: Հանդիպումների ընթացքում ընդգծվել է օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործման հարցում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուցիոնալ ազդեցության ամրապնդման, ինչպես նաև միջազգային հարթակներում վերջինիս ակտիվ ներգրավվածության կարևորությունը: