Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ փետրվարի 14-ին այց է իրականացվել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ հայտարարած 5 անձի հետ։
Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել նաև ցմահ դատապարտյալներ Արմեն Տեր-Սահակյանի և Արամ Խաչատրյանի հետ, ովքեր անժամկետ հացադուլ են հայտարարել փետրվարի 12-ից: Նրանք դժգոհել են պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտից, բարձրացրել են Արդարադատության նախարարության իրավասության շրջանակում գտնվող հարցեր։ Նրանք առողջական վիճակի հետ կապված գանգատներ չեն հայտնել, գտնվել են բժշկական հսկողության ներքո. չափվել են արյան զարկերակային ճնշումը և սրտի զարկերը: Բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ հացադուլի ընթացքում Արամ Խաչատրյանի մոտ արյան զարկերակային ճնշումը ցածր է:
ՔԿՀ-ում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել հացադուլ և ջրադուլ հայտարարած Կարեն Եղիազարյանի հետ: Վերջինս հրաժարվել է սննդի և ջրի ընդունումից փետրվարի 11-ից: Նրա պահանջը կապված է քրեական գործի հետ։
Կարեն Եղիազարյանը հրաժարվել է բժշկական զննությունից և առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել, սակայն նրա բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ վերջինս ունի ուղեկցող հիվանդություններ և կարիք ունի մշտական բժշկական հսկողության:
Ազատությունից զրկված մյուս երկու անձինք հացադուլ են հայտարարել փետրվարի 11-ից:
Ուսումնասիրվել են հացադուլ իրականացնող անձանց բժշկական փաստաթղթերը, այդ թվում՝ բժշկական քարտերը: Նրանց առողջական վիճակի և դրա նկատմամբ բժշկական վերահսկողության հարցերը քննարկվել են ՔԿՀ-ի բուժանձնակազմի հետ: